Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշների կտրուկ աճի շնորհիվ հաջողվել է դիմակայել 2021 թվականի աշնան և 2022 թվականի ձմռան վարակի ալիքներին։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«ՀՀ մեծահասակ բնակչության 49.5 տոկոսը պատվաստված է կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափով, 43.7 տոկոսը` ամբողջական պատվաստումով։ Արդյունավետորեն կառավարվել է պատվաստումների գործընթացը։ ՀՀ–ում ներդրվել են մոլեկուլային գենետիկ հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նորագույն սարքավորումների շնորհիվ կարողացել են ժամանակին հայտնաբերել Հայաստանում շրջանառվող բոլոր տեսակի շտամները, ներառյալ «դելտան» և «օմիկրոնը»։