Հունվարի 16-ին Երևանում՝ Գուրգեն Մահարի փողոցի շենքերից մեկի բնակարան շտապօգնության կանչով մեկնած բժիշկներիի վրա հարձավելու և սպառնալիքներ հնչեցնելու վարույթի շրջանակում կալանավորվել են 38 և 34-ամյա եղբայրներ, հայտնում են ՔԿ-ից։
ՔԿ-ն հայտնել է, որ եղբայրները տվյալ բնակարանի բնակիչներ են, ովքեր շտաօգնություն են կանչել իրենց մոր համար։
«Նրանք նախ անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել բուժաշխատողների հասցեին, ապա վերջիններիս քաշքշելով մտցրել են իրենց բնակարան։ Հետո փակել են դուռը, և դանակը պարզելով նրանց ուղղությամբ՝ սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ հնչեցնելով ասել են, թե թույլ չեն տա բնակարանից դուրս գալ, մինչև իրենց մոր վիճակը չկարգավորվի»,- հավելել են ՔԿ-ից։
Տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հոգեկան ներգործությունը (սպառնալիքներ հնչեցնելը) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 2 տարով) և 192-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից մարդուն կամ նրա մերձավորին ազատությունից ապօրինի զրկելը՝ կապված վերջինիս կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 5 տարով)։
Շտապօգնության բժիշկների վրա հարձակման դեպքի մասին հունվարի 16-ին հայտնել էր Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ մանրամասնելով, որ բժիշկներին դանակով սպառնացել են բուժօգնության կարիք ունեցող անձի որդիները։