«Լիդիանի» պահնորդական ծառայությունն այս գիշեր դաժան ծեծի են ենթարկել Ամուլսարի 3 պահապաններին։ Տեղի ունեցածի մասին Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել։
Նա Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պահապաններից մեկը վնասվածքներ է ստացել, պարզ չէ, թե մյուս ակտիվիստներն ինչ վնասվածքներ են ստացել։
Շիրակ Բնությանի խոսքով՝ վերջին օրերին իրենց և պահնորդական ծառայություն իրականացնողների միջև որևէ կոնֆլիկտ տեղի չի ունեցել։ Ջերմուկի բնակիչը տեղի ունեցածը հերթական սանդրանքն է համարում։
«Ես չեմ ուզում մտածել, որ Հայաստանում ինչքան պահնորդական ծառայություն կա, բոլորը սադրիչ քաղաքականություն ունեն։ Իրենց այստեղ բերողը պահանջում է, որ այդպես աշխատեն։ Փողը տալիս է և ասում, որ ամեն կերպով դեպի սար տանող ճանապարհները բացեն։ Իսկ մարդիկ չեն պատրաստվում տուն գնալ՝ պահնորդների առաջ ճանապարհները բացելու հստակ առաջադրանք կա։ Եթե նայում ես պայմանագրերին՝ պահնորդական ծառայության լիազորությունները սահմանվում է գույքի հսկողության իրականացում։ Այս մարդիկ այլ գործառույթներ են վերցրել իրենց վրա»,- նշեց նա։
Ամուլսարում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ստացած ահազանգն ուսումնասիրում են։
Իր հերթին «Լիդիան Արմենիան» ևս տեսանյութ է հրապարակել և նշել, որ սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու հիմքով։