Ֆրանսիական ոստիկանությունը 12 մարդու Է ձերբակալել երկրի տարածքում գործող վրաց-հայկական մաֆիային մեղսակից լինելու կասկածանքով։ Այս մասին ասված է Le Figaro-ի հաղորդագրության մեջ ՝ վկայակոչելով Նանսենի մասնագիտացված միջտարածաշրջանային իրավաբանական վարչության դատախազությանը։
Ինչպես հաղորդվում է, ձերբակալվածների թվում են եղել վրացի «օրենքով գողը» և Ստրասբուրգում գտնվող հայկական կլանի առաջնորդը, ինչպես նաև նրանց օգնականներն ու հանցակիցները: Նշվում է, որ այդ մարդիկ ներկայացնում են «միջազգային հանցավոր կազմակերպության Էլզասի բաժանմունքը»:
Մեղադրյալների տներում կատարված խուզարկությունների արդյունքում ոստիկաններն առգրավել են չորս ավտոմեքենա և մեկ մոտոցիկլ, 5 ատրճանակ, 352 փամփուշտ, 66 շիշ ալկոհոլ, 103 շիշ ֆիրմային օծանելիք, ավելի քան 17 հազար եվրո կանխիկ, էլիտար զարդեր և կաշվե իրեր, ինչպես նաև գողացված այլ մանրուքներ ՝ կոսմետիկա, սննդամթերք և այլն:
Խմբավորման հետքին ֆրանսիական ոստիկանությունը դուրս է եկել դեռ 2019 թվականին՝ Վրաստանի քաղաքացիների երկու խմբերի ձերբակալությունից հետո, որոնք ավելի քան 200 գողություն են կատարել Գրանդ Էստ տարածաշրջանի տարածքում:
«Ոստիկանությունը դուրս է եկել հիերարխիկ մաֆիոզ կազմակերպության և նրանց առաջնորդի ՝ «գողի» հետքին, որը Ստրասբուրգում է և պատասխանատու է Էլզասում այդ հանցավոր կառույցի ղեկավարման համար»,- ասված է հայտարարության մեջ: Կազմակերպված հանցավոր խմբի անդամներին մեղադրում են «հանցավոր դավադրության, գողության, փողերի լվացման, խարդախության» մեջ: