Ապրիլի 5-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները բացահայտել են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Մարտունի քաղաքի բնակիչ 55-ամյա Կամո Ա․-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել, ունեն կասկածներ, որ նրա հետ, հնարավոր է՝ ինչ-որ բան պատահած լինի։
Ստեղծված 3-4 հետախուզական խմբերը ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացրել Կամո Ա․-ին գտնելու ուղղությամբ։
Ժամեր անց ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կամո Ա․-ն հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հակոբ Ա-ի հետ, ապա հայտնաբերլ են Հակոբ Ա․-ին, ով հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին։
Կասկածյալը խոստովանել է և ոստիկաններին ու քննիչներին մատնացույց արել այն վայրը, որտեղ դանակի մոտ 8 հարվածով սպանել է իր զոհին։
Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մարմնի վրա առկա են մոտ 8 սուր կտրող-ծակող դանակի հետքեր։
Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ Հակոբ Ա․-ն ձերբակալվել է։