Մայիսի 20-ին՝ ժամը 06:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով, երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Հիշեցնենք, որ ահազանգի հետքերով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։