Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում այսօր տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պայթյունն ուղեկցվել է հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են շինության տանիքից մոտ 56 քմ հատվածի փայտե կառուցատարրերը, վնասված խողովակնորից արտահոսած գազը և պայթել՝ կոմպրեսորի էլեկտրական շարժիչը։
Տուժածներ Ա․ Մ․-ն, Ա․ Գ․-ն և Ժ․ Ա․-ն հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ Ժ. Ա․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մյուսները տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։