Հայհոյանքը դարձել էր քաղաքական խոսույթի մի մաս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ծանր վիրավորանքի ապաքրեականացմանը։
ՔՊ պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել։ Վարդանյանը միաժամանակ ընդգծեց, որ ո՛չ Եվրոպական դատարանը, ո՛չ որևէ միջազգային ստանդարտ չի կարող ընդունել հայհոյանքը որպես խոսքի ազատության անթույլատրելի սահմանափակում։
«Ոչ մի միջազգային ճնշում չի եղել, սպասում ենք ՍԴ-ի որոշմանը: Մենք նախագծի քննարկման ժամանակ ասում էինք, որ այն որպես ժամանակվոր միջոց ենք կիրառելու, որպեզի ատելության խոսքի հետ կապված իրավիճակը շտկվի»,- պնդեց նա՝ կարևորելով, որ օրենքը որոշակի կանխարգելում իրականացրեց վիրավորանքի և ատելության հարցում։
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ օրենքի ապաքրեականցման դեպքում արդեն իսկ հարուցված քրեական գործերը կարճվելու են։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Facebook-ի էջում տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով։
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար: