ԱԱԾ-ն արձագաքել է դատավոր Վահագն Մելիքյանի հետ կապված հրապարկմանը։
«Ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս.թ հուլիսի 3-ին «Փաստինֆո» լրատվական կայքում «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով տեղեկատվությունը՝ թե իբր «ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը», չի համապատասխանում իրականությանը»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ն կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ հանրության շրջանում պետական կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից և միաժամանակ հիշեցնում է, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար գործող օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Նշենք, որ ըստ նշված հրապարակման, որտեղ կայքը հղում է անում ԱԱԾ իր աղբյուրներին, դատավոր Վահագն Մելիքյանը հրավիրվել է հատուկ ծառայություն, որտեղ նրանից իբր պահանջել են բավարարել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նոր միջնորդությունը՝ նախկին նախագահի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորման վերաբերյալ:
Նշենք, որ հունիսի 4-ին վերաքննիչ դատարանը Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ բեկանել էր Միքայել Մինասյանի կալանավորման մասին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը: Ավելի վաղ նախկին դիվանագետը որպես մեղադրյալ է ներգրավվել պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում (ապօրինի հարստացում, փողերի լվացում եւ հայտարարագրում եկամուտների կամ ծախսերի մասին ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնելը)։