Այս պահին անցել ենք ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը. եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:
«Քանի որ դեռ պրոցեսի մեջ ենք՝ դեռ առաջադրումների ու ինքնառաջադրումների հետ կապված ինքնաբացարկներ չեն ներկայացվել»,- ասաց Պետրոսյանը։
Հարցին՝ նորընտիր դատավորներից կա՞ թեկնածու՝ Պետրոսյանն ասաց՝ այո։
Ճշտող հարցին, թե Երդվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվե՞լ է, Դիլանյանին առաջադրե՞լ են՝ Պետրոսյանն ասաց. «Մասամբ ճիշտ է»։
Նա կրկին վերահաստատեց նախորդ օրվա իր ասածը, թե ինքը ո՛չ ինքնաառաջադրվելու է որպես ՍԴ նախագահ, ո՛չ էլ առաջադրելու է որևէ մեկի թեկնածությունը: «Առաջադրվելու դեպքում էլ ինքնաբացարկ կներկայացնեմ»,-հավելեց նա:
Նա նաև անդրադառձավ լրատվամիջոցների լուսաբանման վերաբերյալ հարցին, որը բարձրացրել է ու հետ է վերցրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Դիտարկումներին, թե ինքը ևս դեմ է եղել ԶԼՄ-ների՝ նիստին մասնակցությանը՝ նա նշեց, որ շրջանառվող լուրը, թե ինքը դեմ է եղել նիստը լուսաբանելուն, իրականությանը չի համապատասխանում: «Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանում իրականացնելուն, բայց, միաժամանակ, ներկայացրել եմ նաև իմ դիտարկումները, որ համավարակով պայմանավորված՝ լրագրողների ու ՍԴ անդամների, աշխատակիցների առողջության անվտանգությունը համապատասխան պաշտպանվածության շրջանակներում պետք է ապահովված լինի»- ասաց նա՝ ընդգծելով նաև, որ թույլ տալու դեպքում որևէ սահմանափակում չպետք է լինի, և բոլոր ցանկացող լրատվամիջոցները պետք է մասնակցեն:
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների մասնակցության դեպքում նիստն այլ վայրում անցկացնելու խնդիր է առաջացել, քանի որ ՍԴ նիստերի դահլիճը վերանորոգվում է։
Երեկ Սահմանադրական դատարանում կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրության հարցը: Սակայն նիստում հասցրել էին քննարկել միայն լրագրողների դիմում խնդրագրերը՝ նիստին մասնակցելու վերաբերյալ, իսկ նախագահ չէր ընտրվել։ Այսօր նիստը կշարունակվի։
ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: