ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից։
Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արմեն Չարչյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 23-ի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազը, ուստի վերը նշված միջնորդությունը քննիչի կողմից ուղարկվել է դատախազին` քննարկման նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը` առնվազն տարօրինակ ենք համարում հիշյալ միջնորդությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին ներկայացնելու հանգամանքը: Ցանկալի կլիներ, որպեսզի մեղադրյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները տիրապետեին քրեադատավարական այն տարրական նորմերին, որոնց համաձայն` կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, դատարանը որոշել է 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։ Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ հրապարակված ձայնագրության հիման վրա: Ըստ ձայնագրության՝ Չարչյանը պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրան մեղսագրվող հոդվածով նախատեսվում է 4-7 տարի ժամկետով ազատազրկում։ Հավելենք, որ Չարչյանն ավելի վաղ սրտի տագնապով տեղափոխվել էր հիվանդանոց։