Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Երևանի Ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու երեկ ձերբակալված Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, Սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ և ֆինանսական բաժնի մասնագետ երկու կանանց: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ըստ առանձնազրույցների՝ ինչպես ՄԻՊ-ն է հայտնել, ոստիկանության 20 դիմակավորված և ինքնաձիգներով զինված ծառայող համայնքապետարանի շենքում իրականացրել է համայնքային ծառայողների ձերբակալումը և տեղափոխել Երևան քաղաք: Ոստիկանության նշված ծառայողներից բացի, 1 հոգի եղել է քաղաքացիական հագուստով, որն էլ աչքի է ընկել ձերբակալվողների նկատմամբ ագրեսիվ պահվածքով:
«Ոստիկանության ծառայողները բոլոր բերման ենթարկվածներին, այդ թվում՝ 3 կանանց, մեքենայով տեղափոխելու ողջ ընթացքում եղել են դիմակներով ու ինքնաձիգներով զինված: Ձերբակալման որոշումն իրագործելիս և բերման ենթարկելու ողջ ընթացքում ձերբակալվածներին չեն ներկայացել:· Բերման ենթարկելիս, մասնավորապես՝ համայնքապետարանի շենքից դուրս բերելիս ու մեքենա նստեցնելիս, իրականացրել են լուսանկարահանում և տեսանկարահանում: Ընդ որում, դա տեղի է ունեցել ձերբակալվողների, այդ թվում՝ կանանց կամքին հակառակ: Կանանցից մեկն էլ պահանջել է դադարեցնել նկարահանումը, քանի որ դա արվել է իր արժանապատվությունը ոտնահարող եղանակով, սակայն նրանք չեն դադարեցրել տեսա և լուսանկարահանումը: Ի պատասխան այս պահանջի, ոստիկանները նշել, որ եթե այդ կերպ պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու:
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելու և ձերբակալելու կապակցությամբ Ոստիկանության ծառայողների նշված գործողությունները ուղղակիորեն խախտում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի և միջազգային այլ կառույցների պահանջները:
Միջազգային նշված պահանջներն ունեն կանխարգելիչ նշանակություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել իրավապահ մարմինների հաշվետվողականությունն ու թույլ չտալ վատ վերաբերմունքի որևէ դրսևորում:Իսկ կոնկրետ դեպքում խոսքը գնում է 1 տղամարդու և 3 կնոջ մասին: Ընդ որում, կանանցից մեկն էլ 65 տարեկանից բարձր է: Միջազգային նշված պահանջներին հակասում է նաև այն, որ ոստիկանության ծառայողները բերման ենթարկելու ողջ ընթացքում, այդ թվում՝ Երևան տեղափոխման ընթացքում, չեն ներկայացել:Ազատությունից զրկված ցանկացած անձի համար փաստաբանի, զանգի իրավունքները, վատ վերաբերմունքի բացառման պահանջները միջազգայնորեն ուղիղ երաշխավորված նվազագույն երաշխիքներ են:
Դրանք նպատակ ունեն քրեական վարույթի սկզբնական՝ ամենառիսկային փուլում պաշտպանել մարդուն ոչ օրինական հետապնդումներից ու ազատությունից ոչ օրինական զրկելուց, երաշխավորել նրա արդարացի պաշտպանությունը պետության գործադրած քրեական հետապնդման մեխանիզմից:Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավապահ մարմիններին»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ: