Շարունակում են չլուծված մնալ կատարողական վարույթի շրջանակներում քաղաքացիներին պատշաճ ծանուցելու հետ կապված օրենսդրական և գործնական համակարգային խնդիրները:
Ինչպես 2020 թվականին, այնպես էլ դրանից առաջ և հետո հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ մարդիկ չեն ծանուցվում իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթների, իրենց գույքի և դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման և հարկադիր կատարողի կայացրած այլ որոշումների մասին: Այդ մասին նրանք տեղեկանում են, երբ, օրինակ, ցանկանում են իրենց պարտավորությունները մարել բանկի նկատմամբ, կամ որևէ փոխանցում կատարել, սակայն բանկից տեղեկանում են արդեն իսկ հարուցված կատարողական վարույթի, ինչպես նաև կիրառված արգելանքների մասին: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ՝ կապված հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումների մասին ուշ ծանուցվելու կամ ընդհանրապես չծանուցելու վերաբերյալ:
Նշվածի կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պարզաբանվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021 թվականի փետրվարի 1-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների մատուցման վերաբերյալ «Հիբրիդ փոստ» ծառայությունների պայմանագիր: Հիշյալ պայմանագրի առկայության պայմաններում ուշ ծանուցելու կամ ընդհանրապես չծանուցելու մասով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վիճակագրություն չի վարում:
«Հարկադիր կատարողն իր որոշումները և ծանուցումներն ուղարկում է նախատեսված կարգով, որի համաձայն՝ կողմերը համարվում են պատշաճ ծանուցված, երբ այդ որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Այս առումով մտահոգիչ է այն, որ ներկայում առկա կարգավորումների պայմաններում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի վարում համապատասխան վիճակագրություն՝ գնահատելու վերոնշյալ պայմանագրի գործարկման պայմաններում համակարգի գործունեության արդյունավետությունը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոստային առաքանիների պատշաճ առաքումն ապահովելու առումով»,- գրում է ՄԻՊ-ը:
Հաշվի առնելով, որ հարկադիր կատարողի կայացրած որոշումները կատարողական վարույթի կողմերին ուղարկվում են ոչ թե պատվիրված փոստով, այլ փոստային առաքմամբ, այդ որոշումների մասին անձանց պատշաճ ծանուցման ապահովումը պետական վերահսկողության բացակայության պայմաններում է՛լ ավելի խնդրահարույց է դառնում:
Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը:
Ըստ նշված հոդվածի՝ հարկադիր կատարողը որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին պարտավոր է կցել միայն հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ կատարողական վարույթին հասցեատիրոջ կողմից նամակը ստանալու վերաբերյալ ապացույցը կցելու որևէ պարտավորություն չունի:
Վերոգրյալից հետևում է, որ փոստային առաքանու ուղարկման առավել արդյունավետ եղանակը հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները պատվիրված նամակով ուղարկելն է, որի դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթին կցել հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:
Մինչդեռ, ներկա կարգավորումների ուժով այն պրակտիկայում կիրառվում է միայն այն դեպերում, երբ կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումը ստանալու փաստով, ասված է հայտարարության մեջ: