ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է կեղծարարության հերթական դեպքը։ Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը։
Հայտնի է դարձել, որ անհատ ձեռնարկատեր Ա. Կ.-ն Ռուսաստանի Դաշնությունից նախօրոք պլանավորել էր ներմուծել լվացքի փոշու դատարկ պոլիէթիլենային տոպրակների խոշոր խմբաքանակ, որոնցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ լվացքի փոշիներ և վերավաճառվեին ՀՀ տարածքում:
Ապրանքները մաքսային հսկողության տարածքից տեղափոխվել են Երևանում գործող տոնավաճառներից մեկի տարածք, մատակարարվել են Երևանի հասցեներից մեկով, որտեղ ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում ոմն Շ. Ա.- ն:
Նշված հասցեում կազմակերպվում էր լվացքի փոշու արտադրություն: Իսկ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու 30.100 հատ 9 կգ-անոց դատարկ պոլիէթիլենային պարկերով պլանավորվել էր փաթեթավորել և վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշի։ Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են վերը նշված տոպրակների խմբաքանակը, ինչպես նաև՝ ևս 2 հայտնի այլ ապրանքանիշերի տոպրակներով արդեն իսկ փաթեթավորված լվացքի կեղծ փոշիներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: