ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է այսօր ՀՀ մի շարք պաշտոնյաների հայտարարություններին՝ կապված Գորիս-Կապան ավտոնաճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։
Արդեն այսօր նա հայտարարեց՝ չի բացառվում, որ հնարավոր սահմանակետերում ՀՀ քաղաքացիների համար որոշակի վճար սահմանվի։
ՀՀ ՄԻՊ-ը նշել է․
«Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ:
Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում:
Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»։