Ոստիկանությունում նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ մարզի Պտղնիի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին տևականորեն բազմաթիվ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դրանց վերաբերյալ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում քննվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասով հարուցված 4 քրեական գործ:
Քրեական գործերից մեկով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ենթակայությամբ գործող «Տրանսգազ» ՍՊԸ Աբովյանի «Գազի ստորգետնյա պահպանման կայանի» անվտանգության գոտիներում` Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող որոշ հողամասերում ՀՀ կառավարության 26.05.1998թ. համապատասխան որոշումներով արգելվել է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվության տրամադրումը:
Մինչդեռ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, իր պաշտոնավարման ընթացքում այդ հողատարածքների նկատմամբ սահմանափակումների բացակայության վերաբերյալ գրավոր տեղեկանքներ է տրամադրել թվով 15 քաղաքացիների, ովքեր դրանց հիման վրա ստորգետնյա գազի հորի, դրանց կապող բարձր ճնշման գազուղիների անվտանգության գոտիներում կառուցվել են շինություններ, կառուցված ինքնակամ շինություններն ու տարածքները սեփականաշնորհել են:
Այլ ուսումնասիրության առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համայնքի ղեկավարի կողմից օտարվել է աճուրդ-վաճառքի միջոցով՝ չնայած վերջինս հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք:
Ընդ որում, գործող համայնքապետի պաշտոնավարման ընթացքում՝ 2012թ. փետրվարին, համայնքի ավագանու որոշմամբ ջրային այդ հողամասի նպատկային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարարական կառուցապատման հողամաս: