Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Հայտարարվում է, որ Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Հայկական կողմը հայտնել է 6 զոհի, 13 գերեվարվածի և 24 զինծառայողի մասին, որոնց հետ կապը կորել է: