Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել: Այսօր քննվելու է դատավորին կալանավորելու միջնորդությունը: Բորիս Բախշիյանի վարույթում են քննվում մի շարք աղմկոտ քրեական գործեր։ Տեղեկացնենք, որ օրեր առաջ նրա որոշմամբ ազատ էր արձակվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։
Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Armenia Today-ի հետ զրույցում նախ նշել է. «Առաջին՝ շատ կարևոր է հասկանալ, որ այս առումով գործ չունենք ինչ-որ գաղտնի մեղադրանքի հետ: Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ դատավոր Բորիս Բախշիյանին մեղսագրվում է մի արարք, որը նա որպես դատավոր իր լիազորությունները կատարելիս է իրականացրել: Բառացիորեն օրեր առաջ նա մի շատ նուրբ քաղաքական բովանդակություն ունեցող գործով որոշում կայացրեց․ իմ պատկերացմամբ՝ ազատ արձակելով քաղբանտարկյալի, ինչը, բնականաբար, չէր կարող հաճելի լինել գործող իշխանություններին: Այս հանգամանքները զուգակցելով՝ կարելի է գալ մի հետևության. կոնկրետ քրեական գործերը Բորիս Բախշիյանից վերցնելու ու այլ դատավորի մակագրելու նկատակ կա: Երկրորդ՝ սա ուղղված է այլ դատավորներին, որ իրենց, այսպես ասած, խելոք պահեն քաղաքական բովանդակություն ունեցող այն գործերով, որտեղ գործող իշխանությունները որոշակի հետաքրքրություն ունեն»:
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ առաջին դեպքը չէ, որ նման նպատակով գործողություններ են կատարվում. «Նման առաջին դեպքը կապված էր դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, երբ նրանից ապօրինաբար խլվեց, այսպես կոչված, Մարտի 1-ի գործը, թեպետ այն ժամանակ ավելի խղճով գտնվեցին ու դատավորի նկատմամբ կալանքի հարց չբարձրացրին»:
Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի որոշմանը՝ նա շեշտեց. «Իմ ունեցած տեղեկությունների հիման վրա՝ համարում եմ, որ ԲԴԽ-ն կայացրել է ապօրինի որոշում, ավելի սուր գնահատական տալուց այս պահի դրությամբ ձեռնպահ կմնամ»:
Անդրադառնալով վերոնշյալ իրավիճակին ավելի լայն համատեքստում՝ մեր զրուցակիցը հավելեց. «Օրեր առաջ մենք ԵԽԽՎ-ում մի խայտառակ բանաձև ունեցանք, որտեղ ժողովրդավարության մեր այս խայտառակ հետընթացը ոչ թե չէր արձանագրվել, այլ հակառակը՝ արձանագրվել էր որպես ժողովրդավարության առաջընթաց: Ես սա որակել էի որպես կանաչ լույս նոր ապօրինություններ իրականացնելու համար: Եվ ընդամենը օրեր անց մենք տեսնում ենք այս խայտառակությունը, որի համահեղինակ եմ համարում փարիսեցիությամբ զբաղվող եվրոպական կառույցներին, նրանց, ովքեր Հայաստանում արդեն կորցրել ու շարունակում են կորցնել իրենց հեղինակության վերջին նշույլները: Դրանք եվրոպական կառույցներն են, որոնք, այսպես ասած, խելք էին սովորեցնում, ինչ-որ արժեքներ էին ներարկում ու հիմա այդ արժեքների վրա թքողներին ծափահարում են: Սա հերթական հարվածն էր դատական իշխանությանը»:
Նա շեշտեց՝ դատական իշխանության անկախությունն ինքնին արժեք է, որը պետք է փայփայել. «Մենք այսօր իրականում վայելում ենք տասնամյակների այն աշխատանքը, որի շնորհիվ քայլ առ քայլ ստացել ենք բավականին որակյալ դատական համակարգ: Բայց այս իշխանությունները հետևողականորեն քանդում են տասնամյակների ընթացքում ստեղծվածը: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ այսպիսի բռնաճնշումները նաև հնարավորություն են տալիս դատական իշխանությանը գիտակցել իրենց դերը, նշանակությունը, հանրային դերը»:
Ռուբեն Մելիքյանն այս առումով պատահական չհամարեց այն իրողությունը, ըստ որի՝ նկարագրված իրավիճակի առնչությամբ իրենց բողոքը հայտնելու պատրաստակամությամբ առաջինը հենց դատավորներն են հանդես եկել:
Հիշեցնենք, որ դատավորներն այսօր հավաքվելու են Երևանի դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ՝ ի աջակցություն դատավոր Բախշիյանի: