ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին:
«Սույն թվականի փետրվարի 11-ին «factor.am» լրատվամիջոցին, և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին տված հարցազրույցներում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախտելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնավորապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցուցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվածություն, հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատավորներին վիրավորող և պիտակավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձագանքի:
Սույն նամակով անդրադառնալով նախարարի՝ իրեն վայել վարքագիծ դրսևորելու պարտականությանը, գտնում եմ, որ տվյալ հարցում ասելիք և անելիքներ ունի նաև Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը գտնվում է նրա սահմանադրական լիազորությունների տիրույթում»,- նշել է Ազարյանը։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 19-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածներով, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածների հիման վրա Ազարյանը Բարձրագույն դատական խորհուրդին առաջարկել է միանալ սույն հայտարարությանը և իրավասու մարմնի առջև բարձրացնել վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վարքագիծը։