Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դեմ է եղել իր նկատմամբ վաղեմության կիրառման հիմքով քրեական գործի կարճմանը։ Այս մասին հայտնում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր Իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատաքննությունը։
Արթուր Սարգսյանին դատարանն առաջարկել է կիրառել վաղեմություն և գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժել է և առաջարկել շարունակել դատական պրոցեսը՝ համոզված լինելով, որ արդարադատությունն ի վերջո կհաղթի, և հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը»,- նշել է Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է նրա համար, որ շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: