Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի գործընկերների հետ, մարտի 17-ին մայրաքաղաքի Ներքին Չարբախ թաղամասում հայտնաբերել ու Մարտունու բաժին բերման են ենթարկել 41-ամյա հետախուզվողի։ 2021 թվականի ապրիլին ԱԱԾ-ում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ 41-ամյա տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանում, Մարտունիում, Աբովյանում և Մասիսում բնակվող ժամկետային զինծառայողների հարազատներին մոլորեցնելով՝ հավաստիացրել էր, որ զինվորները չեն զոհվել ու գտնվում են Բաքվում և ինքը, Ադրբեջանում ընկերական կապերն օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Ռուսաստան կամ Վրաստան, այնուհետև՝ Հայաստան։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Գործընթացը կազմակերպելու համար անհետ կորած զինվորների ծնողներից ու հարազատներից պահանջել ու բանկային փոխանցումների միջոցով ստացել էր ընդհանուր 1 միլիոն 558 հազար դրամ։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
`