Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմում են դատախազություն։ Այս մասին գլխավոր դատախազության շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ծնողներից մեկը։
Վերջինս տեղեկացրեց, որ իրենց որդիները զոհվել են 2020 հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տեղանքում՝ հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։
Նա Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների և հարազատների անունից հայտարարեց՝ 2022 թվականի ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հարցերին պատասխանելիս հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք իրենց հիմք են տալիս հաստատված համարելու, որ Արցախյան 44-օրյա պատերազմն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի դրդմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում։
Ծնողները հանդիպել են գլխավոր դատախազի խորհրդականի հետ, որը խոստացել է վաղը Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու հարցով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողներին պատասխան տալ։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել էին։ Ինը զինծառայողների հոգեհանգիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի երկուսին՝ զինվորական արարողակարգով։
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրանք ցորի հրետանավորներն էին։
Նրանցից 9-ին՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի հեգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի երկուսին։