ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Նա նշեց, որ նախորդ տարվա ընթացքում ՀՀ բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է շուրջ 44 751 քրեական գործ, ինչը 10 000-ով ավելի է, քան 2020 թվականի ցուցանիշները:
«Մեկ դատախազի հաշվով կազմել է շուրջ 123 քրեական գործ: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը եղել է 76 քրեական գործ»,- ասաց գլխավոր դատախազը։
Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9000 դատախազական ակտ: Էապես ավելացել է դատախազական ցուցումների թիվը: Դատախազների կողմից տարվա ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը գերազանցում է 2020 թվականի արդյունքները:
Դավթյանն իր խոսքում նշեց, որ տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ, որից մոտ 600-ը պաշտոնատար անձինք են:
Ի դեպ՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ: Միայն 2021 թվականի ընթացքում քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: