2020-ի պատերազմի հումանիտար հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունն է: Պաշտոնավարման 2 ամսում Քրիստիննե Գրիգորյանը հումանիտար չլուծված խնդիրների մասին տեղեկություններ է փոխանցել գործընկեր, օմբուդսմենական հաստատություններին, միջազգային կառույցներին:
«Ահազանգող արձագանքներ ենք ստանում. գերությունից վերադարձած մեր տղաները Պաշտպանի հաստատության հետ առանձնազրույցներում ներկայացրել են կոնկրետ խոշտանգման դեպքերն ու փաստերը, դրանք արտահայտվել են արտահերթ հրապարակային զեկույցում: Այս ազդանշանները, ազդակները շարունակվում են, և սա Ադրբեջանի Պաշտպանի հաստատության ուղղակի արձագանքին է սպասում: Այսինքն՝ իմ մոտեցումը, որ ինստիտուտները աշխատեն, և մարդու իրավունքների պաշտպանական մեխանիզմները գործարկվեն»,-«Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է Քրիստինե Գրիգորյանը։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը միջնորդավորված կերպով քանիցս փորձել է կապ հաստատել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Սաբինա Ալիևայի հետ: Գրիգորյանի խոսքով՝ տարբեր միջազգային հանդիպումների, դեսպանների, Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ շփումների ընթացքում մշտապես արտահայտել է կամք՝ ուղիղ խոսելու նրա հետ:
« Անկախ նրանից, թե անկախության ինչպիսի ավելի նվազ մակարդակ ունի Ադրբեջանում մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտը, ամեն դեպքում նրա մանդատի մեջ նույնպես մտնում են հումանիտար հարցերը: Մինչ այս պահը չունեմ որևէ ռեալ արձագանք, բայց սա կարող է լինել լավ հաղորդակցություն: Օմբուդսմենական հաստատությունների ցանցին մասնակից լինելով՝ տեսնում ենք օրինակներ, որ նման շփումները և՛ ընդունված պրակտիկա են, և՛ լավագույնս նպաստում են տարբեր կողմերի մանդատների իրականացմանը»,-նշել է Գրիգորյանը:
Անտեսելով Հաագայի դատարանի որոշումները՝ Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը. դրսևորումներից են մշակութային ժառանգության, հայկական հետքի վերացմանը միտված գործողությունների օրինակները: Չդադարող ճնշման տակ են Արցախի բնակիչները, որ, ըստ Պաշտպանի, ամեն օր ենթարկվում են ֆիզիկական բնաջնջման ռիսկի: