ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները պահանջում են, որպեսզի 12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ…» վերտառությամբ նյութի հեղինակը ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկությունների տարածման համար հերքում հրապարակի։ Տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջումհրապարակել է Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
««Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ նշված լրատվության միջոցին ուղարկվել է հերքման պահանջ։ Օրենքով սահմանված ժամկետում հերքումը չհրապարակելու դեպքում, ստիպված ենք լինելու համապատասխան հայց ներկայացնել դատարան»,-նշել է Սահակյանը։
Ներկայացուցչի խոսքով՝ եթե նշված հրապարակումը ոչ թե չարամտության դրսևորում է, միտումնավոր ապատեղեկատվություն տարածելուն ուղղված քայլ է, այլ պարզապես թյուրիմացություն, ապա խելամտության պահանջն է, որ նշված նյութի հեղինակը հերքի իր իսկ տարածած զրպարտությունն ու ապատեղեկատվությունն առանց դատական գործընթացի։
Սահակյանը հրապարակմանը կցել է նաև հերքման տեքստն ու լրատվության միջոցին ուղղված գրությունը։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ի հրապարակված հոդվածում նշվում էր, որ կայքի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:
Նշվում էր, որ ըստ ամենայնի, Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից։