Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով հունիսի 8-10-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվելու է Հայաստանում: Այս մասին հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետություն կատարվող այցը լինելու է ոչ միայն տիկին Կլեր Բազի Մալորիի առաջին պաշտոնական արտասահմանյան այցերից մեկը, այլ նաև 2018 թվականից ի վեր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից առաջին պաշտոնական այցը Երևան:
Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմիններից է, որի աշխատանքներին մասնակցում են սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներ՝ ողջ Եվրոպա աշխարհամասից, սակայն ժամանակի թելադրանքով այս խորհրդատվական մարմինը որոշ չափով փոխեց իր գործունեության շրջանակները՝ ընդլայնելով դրանք, և արդեն միջազգային ասպարեզում սկսեց հանդես գալ որպես առավելապես միջազգային կառույց, այլ ոչ՝ ներեվրոպական: Հանձնաժողովն ստեղծվել է 1990 թ., երբ փլուզվեց Բեռլինի պատը, և եվրոպական մայրցամաքը բախվեց նոր իրավական մարտահրավերների: Հանձնաժողովի ամբողջական և պաշտոնական անունն է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ կազմակերպության աշխատանքները կազմակերպվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում, և հիմնականում նրա բոլոր լիագումար նիստերն ու խորհրդաժողովները տեղի են ունենում հենց այստեղ, հանրության լայն շրջանակներին այն հայտնի է Վենետիկի հանձնաժողով անունով: Երբ 1990-ականների սկզբին հանձնաժողովը նոր էր ձևավորվում, նրա անդամ էին ընդամենը 18 երկիր, սակայն հետագա տարիներին անդամագրվեցին Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները, իսկ արդեն 2002 թվականից սկսած հանձնաժողովի լիարժեք անդամ կարող է դառնալ նաև ցանկացած ոչ եվրոպական երկիր: 2022 թվականի դրությամբ Հանձնաժողովի անդամ են 61 պետություն, որոնցից 46-ը՝ Եվրոպայի խորհրդին անդամակցող անդամ պետություններն են: Հանձնաժողովի մասնակիցների աշխարհագրությունը շատ մեծ է՝ Հարավային Կորեայից մինչև Կենտրոնական Ասիա, Եվրոպայից ու Աֆրիկայից մինչև Մեքսիկա ու Բրազիլիա: