Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրուցում հաստատեց նրա փաստաբան Շուշանիկ Ստեփանյանը:
Պաշտպանի խոսքով՝ դատարանի աշխատակազմից է տեղեկացել, որ հայցը մերժվել է, բայց դատարանի որոշումը դեռ չի ստացել։
«Մեզ համար դատարանի կողմից նման որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով, որ ՍԴ-ն մեր հայցադիմումում ներկայացված որոշ հարցերի վերաբերյալ դիրքորոշում էր արդեն հայտնել»,- հավելեց Գասպարյանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ վիճարկելով իր պաշտոնանկությունը։
Ընդգծենք, որ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմքում ընկած օրենքը:
Հիշեցնենք նաև, որ Գասպարյանը հեռացվեց իր և շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո: