Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին։ Նրա գրության հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Թագուհի Թովմասյանը։
«Հունիսի 3-ին Երևանում հավաքին մասնակցած քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել էին հատուկ միջոցներ, որի արդյունքում տուժել էին մի շարք քաղաքացիներ և ոստիկաններ։ Ընդ որում, ինչպես ավելի վաղ էլ հայտարարել էի, մասնագետների և ականատեսների վկայություններով քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած բեկորային վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է, որը բացարձակ անթույլատրելի է։
Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր։
Գլխավոր դատախազին էի ներկայացրել նաև բոլոր այն մտահոգությունները, որ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է եղել, քանի որ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել, իսկ դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։
Գլխավոր դատախազին ուղղված գրությունը վերաբերում էր հանձնարարականի՝ քննության առնելու ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին որոշման իրավաչափությունը, կիրառված հատուկ միջոցների պիտանելիության, ժամկետանց լինելու վերաբերյալ հարցերը և համապատասխան ընթացք տալու։
Եվ ահա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատասխան գրության մեջ նշված է, որ ստացվել է իմ գրությունն այն մասին, որ 2022 թվականի հունիսի 3-ին ոստիկանության ծառայողներն առանց նախազգուշացման կիրառել են ժամկետն անցած հատուկ միջոցներ, որի հետևանքով տարբեր քաղաքացիներ ստացել են բեկորային վնասվածքներ։ Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և պաշտոնատար անձի /անձանց/ կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և դրա հետևանքով անձանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին կառավարական առանձնատների մոտ բախում է տեղի ունեցել «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև, որի ժամանակ ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել։