Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանքից ազատելու պատգամավորների միջնորդությունը:
Դատարանը մերժեց նաև Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Նա կշարունակի մնալ կալանքի տակ: Այս մասին Armenia Today-ին հայտնեց նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:
«Երկու միջնորդություն էինք ներկայացրել, որոնք դատարանը մերժեց: Միջնորդություն էինք ներկայացրել, որ Գերասիմ Վարդանյանը 3 մլն 100 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակվի, բայց մերժեց: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Թադևոս Ավետիսյանը և Աշոտ Սիմոնյանն անձնական երաշխավորությամբ հանդես եկան, որը նույնպես դատարանի կողմից չընդունվեց»,- փոխանցեց պաշտպանը:
Հավելենք, որ Գերասիմ Վարդանյանը պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնականն է:
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանի դեմ քրեական գործ է հարուցված։
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մի խումբ քաղաքացիներ փորձել էին ներխուժել «Ազատության» գրասենյակ, հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նրանք ասում էին՝ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու»:
Գրասենյակ ներխուժել փորձողների մեջ էր նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը։