«Համախմբոմ» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջնորդների հարցումները շարունակվում են: Այս մասին հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը:
Պաշտպանական խումբը հանդիպումներ է ունեցել միջազային համագործակցությամբ Հայաստանում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ Չալաբյանի կինն ու պաշտպանները հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն, որտեղ ներկայացրել են Չալաբյանի գործով իրավիճակն ու ապօրինությունների ցանկը: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանը և նրա կինը` Անահիտ Ադամյանը ԱՄՆ պետդեպի «Էդմունդ Մասքի» կրթական ծրագրի շրջանավարտներ են, Չալաբյանը կառավարման մագիստրոսի կոչում ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:
Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։