ԱԱԾ արտաքին հետախուզության դեպարտամենտը կգործի ևս 3 տարի, որից հետո կդադարեցնի գործունեությունը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը:
«Կարճ ժամանակով Արտաքին հետախուզության ծառայության և ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտի գործառույթների դուբլիկացիա կլինի, բայց քաղաքական իրավիճակը հաշվի առնելով ենք նման որոշում ենք կայացրել: ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտը շարունակելու է աշխատել ևս 3 տարի, որից հետո դադարելու է այդ դեպարտամենտի գործունեությունը և ամբողջությամբ այդ գործառույթն անցնելու է Արտաքին հետախուզության ծառայությանը»,-ասաց Գրիգորյանը:
Վերջինս շեշտեց, որ պաշտպանության նախարարության արտաքին հետախուզության ստորաբաժանումը շարունակելու է իր աշխատանքը:
«Արտաքին հետախուզական ծառայությունն իր վրա ռազմական հետախուզական գործառույթ իրականցնելու գործառույթ չի վերցնելու»,-շեշտեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարությունը հավանություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծին՝ որպես առանձին կառույց։ Ծառայությունը լինելու է վարչապետին ենթակա կառավարվող մարմին։