Հունվարի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտնում է Datalex դատական տեղեկատվական կայքը։
Հայցով պահանջվում էր հաստատել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել ոչ նյութական վնասը, պարտավորեցնել Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հայցվորի դեմ հայտարարությունները և հատուցել պատճառված ոչ նյութական վնասը։
Դատարանը, ուսումնասիրելով 2021 թվականի մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում վարչապետի ելույթը, որևէ խախտում չի հայտնաբերել և համարել է, որ Փաշինյանը չի խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Դատարանը նրա ելույթը որակել է քաղաքական, որն արդյունքում պարունակում է քաղաքական հռետորաբանությանը բնորոշ ձևակերպումներ և գնահատականներ։ Բացի այդ, այն պարունակում է կարծիքներ և դատողություններ հասարակությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ 2008 թվականի իրադարձությունների հետ կապված, ասված է դատարանի որոշման մեջ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188,189 և 191-192 հոդվածներով՝ դատարանը վճռել է մերժել Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի։
Դատարանը վճռել է հայցը մերժել, իսկ պետական տուրքը նախապես վճարվել է հայցվորի կողմից։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։