ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով երկրորդ առանձին վարույթն է քննվում Քննչական կոմիտեում։ Դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց կրտսեր Փաշինյանը։
Իրեն առևանգելու օրը Փաշինյանը դուրս էր նետվել Հակոբյանի մեքենայից, որից հետո «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան փորձել է վրաերթի ենթարկել։
Անդրադառնալով միջադեպի այդ դրվագին՝ Աշոտ Փաշինյանը նշեց. «Ես դրա մասով արդեն իսկ դիմել եմ։ Այս գործն անջատվել է մեծ գործից, որ նաև պարունակում է այդ հանգամանքը։ Ըստ էության այս պահին շարունակվում է գործի նախաքննությունը, և այս գործը անջատվել է վարույթից որպես առանձին գործ»։
Առանձնացված գործը դեռ նախաքննական փուլում է, վարույթ չի հարուցվել։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հարցին, թե կապ ունի՞ Գարի Գալեյանը առանձնացված գործի հետ, Աբրահամյանը զերծ մնաց պատասխանել, քանի որ ըստ իրեն վարույթ չկա և որևէ մեկը դեռ գործով չի անցնում։
Նշենք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Գայանե Հակոբյանին, ով մեղադրվում է վարչապետ Փաշինյանի որդուն առևանգելու փորձի մեջ։
Դատարանը նրան դատապարտել է 4 տարի պայմանական ազատազրկման՝ մեկ տարվա փորձաշրջանով՝ հաշվի առնելով ՔՕ 84-րդ հոդվածը (պատիժը պայմանականորեն չկրելը)։ Քանի որ նա արդեն 22 օր անցկացրել է կալանքի տակ, նրա պայմանական ժամկետը կրճատվել է մինչև 3 տարի 11 ամիս և 8 օր։
Գայանե Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ պարտավորվելով չհեռանալ երկրից, իսկ բնակության վայրը փոխելիս պատշաճ տեղեկացնել համապատասխան մարմիններին։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 5-ին որոշել էր վարչապետ Աշոտ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրվող զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանքից ազատ արձակել և կրկին կալանավորել մեկ ամիս, 15 օր ժամկետով։ Վճիռը հրապարակել էր դատավոր Մանվել Շահվերդյանը։ Ավելի վաղ, դատարանը նրա խափանման միջոցը կալանքից փոխել էր տնային կալանքի, սակայն վկաների, այդ թվում՝ կրտսեր Փաշինյանի ցուցմունքներից հետո մտափոխվել է և փոփոխել վճիռը։
Վարչապետի որդին քննադատել էր Հակոբյանին կալանքից ազատելու և տնային կալանքի ենթարկելու դատարանի որոշումը։ Փաշինյան կրտսերի խոսքով՝ այնպիսի ծանր հանցագործության համար, ինչպիսին է առևանգումը, տնային կալանքը չափազանց մեղմ խափանման միջոց է։
Armenia Today-ի հետ զրույցում Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն ասել էր, որ իրենց դեռևս չի տրամադրվել դատարանի որոշումը և այս պահին չի կարող տեղեկացնել, թե ինչն է հիմք հանդիսացել նման վճռի համար։
Մայիսի 17-ին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել կրտսեր Փաշինյանին առևանգելու դեպքի առթիվ։ Գործով մեղադրյալը զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի (Հակոբյան) մայրն էր, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի առևանգումը նրա պետական կամ քաղաքական գործունեության պատճառով): Այս հոդվածով առավելագույն պատիժն ութ տարի ազատազրկումն է։ Մայիսի 20-ին դատարանը կալանավորել էր Հակոբյանին։