Դեռևս 2021-ի նոյեմբերի 23-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը՝ 26 պատգամավոր, դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ մոտ 2 տարի անց՝ հուլիսի 7-ին, բարձր դատարանը վերջապես որոշել է դիմումը քննության առնել ՍԴ աշխատակարգային նիստում, սակայն քննելով դիմումը` այն կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ ՍԴ-ն հարցաշար է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով խնդրին առնչվող ավելի քան երկու տասնյակ հարցեր պարզաբանել։ Վարույթը կասեցնելու պաշտոնական հիմքը սա է. «Մինչև սույն որոշմամբ պահանջվող տեղեկությունների և այլ ապացույցների ստացումը»:
«Կասկածից վեր է, որ դատախազությունն էլ, իր հերթին, ժամանակ կձգի, իսկ այդ ընթացքում ապօրինի գույքի գործով նոր հետապնդումներ կիրականացվեն։ Պատահական չէ, որ գործով զեկուցող է նշանակվել իշխանությունների սրտի դատավոր Վահե Գրիգորյանը, թեպետ այժմ ՍԴ-ում, կարելի է ասել, բոլորն են սիրելի»,- գրում է թերթը։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։ Իսկ հայցն ստանալուց հետո ՍԴ-ն մեկ անգամ արդեն գործը կասեցրել էր` Վենետիկի հանձնաժողով դիմելու համար, որից ամիսներ առաջ երկակի ու լղոզված պատասխան է ստացել և, փաստորեն, դեռ չի կողմնորոշվում, թե ինչ վճիռ կայացնի, գրում է թերթը”