Օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է ապօրինի գույքի բռնագրավման հարցով գլխավոր դատախազություն իր հրավիրվելը։
«Հրավիրել են փաստաբանին, փաստաբանը գնացել է, ծանոթացել է։ Ինչ անհրաժեշտ թղթեր, փաստեր պետք է, բոլորն էլ լիարժեք կներկայացնենք»,- վստահեցրեց Ծառուկյանը։
Նա հավելեց, որ այն իրավիճակում, երբ երկիրը վտանգի տակ է, Արցախի 120.000 բնակչությունը, որից 30․000-ը երեխաներ, արդեն 8 ամսից ավել է գտնվում են շրջափակման մեջ, ինքը չի կարող այլ բաների մասին մտածել։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իր ծնողները ևս հրավիրվել են դատախազություն, Ծառուկյանը պատասխանեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իր ընտանիքում բոլորն աշխատում են, այդ թվում՝ ծնողները։
«Բոլորը գիտեն, որ Գագիկ Ծառուկյանը 1989 թվից աշխատել է, ստեղծէլ է, 1-ը 2 է դարձրել, 2-ը՝ 4, 10, 100։ Աշխատել, ստեղծել եմ, իմ երկրում ներդրում արել»,- եզրափակեց Ծառուկյանը։
Օգոստոսի 14-ին Azdarar.am-ում տեղեկություն է հայտնվել, որ Ծառուկյանին, նրա որդիներին, կնոջն ու ծնողներին, ինչպես նաև հարսին գլխավոր դատախազություն են հրավիրել։