ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ կալանավորված Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբից հաստատել են, որ իրենց պաշտպանյալը պատգամավոր է դառնալու։
«Նոյեմբերի 6-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման»,-հայտարարել է Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը։
Տեղեռկացրել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը, տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերի 6-ին:
«Հետևաբար ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լևոն Քոչարյանը, 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»,-հայտարարել են փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաև, Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը։
Նոյեմբերի 3-ին հայտնել էինք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Անժելա Նալբանդյանը (դաշինքի նախընտրական ցուցակի 48-րդ համարը) չի վերցնի պատգամավորական մանդատը, որը պետք է ստանար դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանի, Միհրդատ Մադաթյանի (դաշինքի ընտրական ցուցակի 47-րդ համար) և Գերասիմ Վարդանյանի (դաշինքի նախընտրական ցուցակի 49-րդ համարը) կողմից պատգամավորական մանդատներից հրաժարվելուց հետո։ Դաշինքի ցուցակում հաջորդը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը։
Նոյեմբերի 2-ին «Հրապարակը» գրել էր, որ դաշինքը որոշել էր մանդատը փոխանցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին (դաշինքի նախընտրական ցուցակի 50-րդ համարը), ով կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին ( հոկտեմբերի 19-ին դատարանը երկարացրել էր կալանքը երկու ամսով): «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր այս տեղեկությունը և հորդորել էր արել սպասել հայտարարությունների։
Սեպտեմբերի 22-ին կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։