2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում, վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն՝ «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, հայտնում է ՀՀ ՔԿ-ն:
Պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.-ն 2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ժամը 09:20-ի սահմաններում քննչական բաժնում գտնվող պահակակետում, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանության փորձ է կատարել:
Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով), նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 25-ամյա ոստիկանի ինքնասպանության փորձի մասին։