ՀՀ Քննչական կոմիտեն բացահայտել է ամուսինների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության, փողերի լվացման դեպք։
Նշվում է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինները 2020-2023 թվականների ընթացքում «Telegram» հավելվածում զբաղվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, ինչի համար ստեղծել են «Շուկա» անվամբ հարթակը, և իրականացրել դրա կառավարումը։
«Հարթակի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կատարելու համար ամուսինների կողմից հիմնականում ռուսաստանյան, ամերիկյան, վիետնամական, ինդոնեզական և պակիստանյան բջջային օպերատորների կողմից սպասարկվող բջջային հեռախոսահամարների միջոցով «Telegram» հավելվածում ստեղծվել և կառավարվել են «Պոլետտայի Սնկեր» անվամբ @polettayisnker_operator հղմամբ, «Weed.am» անվամբ @Weed_am հղմամբ, «WeedLife» անվամբ «@Weed_life420» հղմամբ, «Կանաչի» անվամբ @KanachiYVN հղմամբ, ինչպես նաև շուրջ 59 այլ հղումներով ու անվանումներով խանութ հարթակները։ Վերոնշյալ բոլոր հարթակների կառավարումն իրականացվել է մեղադրյալներից խուզարկությամբ առգրավված 20–ից ավելի՝ կորպորատիվ ընդհանուր բնորոշիչ՝ պատկերանշան ունեցող պլանշետների միջոցով», – ասվում է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Ամուսինների՝ 1989թ․ ծնված Մ․ Ս․–ի և 1997թ․ ծնված Ա․ Հ․–ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (ազատազրկում 6-ից մինչև 12 տարի) և 264-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանք ձերբակալվել են և միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Դատարանի կողմից մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։