Հակակոռուպցիոն դատարանը 3 ամսով՝ մինչև 2024թ. հունիսի 15-ը ներառյալ երկարաձգել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար մեղադրվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։
Դատավոր Վահե Դոլմազյանի խոսքով՝ դատարանը դեռևս չի ստացել այնպիսի միջնորդություններ, որոնք հիմք կտան փոխել խափանման միջոցը։
«Դատարանը գտնում է, որ կալանքի ժամկետը պետք է հետաձգել երեք ամսով։ Քանի դեռ դատարանը հիմնական դատալսումներին չի անցել, ապացույցները չի հետազոտել ու չի հարցաքննել վկաներին, կալանքը կմնա խափանման միջոց»,- ասել է Դոլմազյանը։
Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 30 պատգամավոր։
«Այո՛, երաշխավորողները կարող են գալ տարբեր հայտարարություններ անել՝ առավել ևս, եթե նրանք քաղաքական մարմիններ են՝ պատագամավորներ։ Անկախ նրանից, թե երաշխավորներն ովքեր են, թող այս խոսքերի տակ որևէ բացասական բան չփնտրեն, քանի որ միայն ԱԺ պատգամավորներ են, և թող տպավորություն չառաջանա, որ դա ուղղված է ներկայացուցչական մարմնին։ Նախորդիվ նաև այլ պատկառելի մարդիկ են նման դիմումներ ներկայացրել»,- ասել է դատավորը։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նրան կալանավորել էին 2023 թվականի հունիսի 16-ին։ Իրավապահները որպես կալանավորման պատճառ նշել էին խափանման միջոցի խախտումը՝ վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։