ՀՀ քննչական կոմիտեն «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգը ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ Հայաստանի, Իրանի և Կանադայի 34 քաղաքացու մեղադրանք է առաջադրել, տեղեկանում ենք ՔԿ-ից։
Նշվում է, որ 3 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել է հետախուզում։
34 քաղաքացու մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր վնաս պատճառած, կեղծ փաստաթղթերով կեղծ ձեռնակատիրություն իրականացնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։ 34 մեղադրյալից 3-ին վերագրվել է նաև ՀՀ նախկին ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արգելված արարքի կատարում (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով փողերի լվացում):
Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է 100-ից ավելի քաղաքացի, որոնցից 30-ն ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։ Գործով տուժող է ճանաչվել է նաև Հայաստանի Հանրապետությունը։ 2021թ. սեպտեմբերի դրությամբ, ՔԿ տվյալներով, ֆինանսական բուրգում ներգրավվել է շուրջ 12.000 քաղաքացի, 4,4 մլրդ դրամի (ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլար) գույքային և դրամական միջոցներ:
ՔԿ-ն պարզել է, որ Լիտվայի քաղաքացին 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառել է «Vodanet British LTD» անվանումը կրող ընկերությունը և համացանցում գործարկել է «Voda.net» կայքը, որի կիրառմամբ Իրանում իրականացրել է հակաօրինական գործունեություն: Իրանում իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել կազմակերպությունը համակարգող անձանց նկատմամբ:
«Խուսափելով քրեական պատասխանատվությունից՝ հանցավոր խմբի կազմում ներգրաված Իրանի 3 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան և 2016-ին հիմնել «Vodanet British LTD» անվանումով կազմակերպության մասնաճյուղ։ Նրանք հանցավոր համաձայնության են եկել մի շարք ՀՀ քաղաքացիների հետ։ Օրենքով արգելված եղանակով ձեռնամուխ են եղել արդեն իսկ ստեղծված ֆինանսական սխեմաների միջոցով նոր գույքային միջոցների ներգրավմանը և վերաբաշխմանը։ Այդ նպատակով Երևան քաղաքում և ՀՀ բազմաթիվ բնակավայրերում հիմնել են «Voda» ապրանքանիշով տարածքային գրասենյակներ»,- մանրամասնել են ՔԿ-ից։
ՔԿ տվյալներով՝ 2017 թվականից ՀՀ մի շարք քաղաքացիներ ներգրավվել են ֆինանսական բուրգի համակարգում և հանցավոր համաձայնության են եկել կազմակերպության համակարգողների հետ։
«Նշված անձինք բազմաթիվ քաղաքացիների դրդել են ներդրումներ կատարել կազմակերպության կողմից իրացվող հյուրանոցային փաթեթներում, ստանալ «անկախ բիզնեսի սեփականատիրոջ» կարգավիճակ և դրանով իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք»,- հավելել են ՔԿ-ում։
ՔԿ-ն քննությամբ հիմնավորել է, որ կազմակերպության անդամների կողմից խեղաթյուրվել է հյուրանոցային փաթեթների ամրագրման և իրացման գործընթացը, ձեռնարկվել են արհեստական խոչընդոտներ՝ գնորդին զրկելով իր գույքը՝ հյուրանոցային փաթեթը լիարժեք տնօրինելու իրավունքից:
«Մասնավորապես՝ թվացյալ հյուրանոցային փաթեթների ամրագրման գումարը փոխանցվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից վերահսկվող հաշիվներին, իսկ հյուրանոցներում իրական ամրագրումը կատարվել է գնորդի կողմից հանգստի մեկնելու ցանկություն հայտնելուց հետո միայն, որի համար փաթեթ ձեռք բերող անձը պարտավորվել է մեկնելուց առնվազն մեկ ամիս առաջ հայտնել այդ մասին։ Դրանից հետո ստացվել է սահմանափակ թվով հյուրանոցային կացարանների առաջարկ, որոնցից էլ ընտրություն է կատարվել»,- նշել են ՔԿ-ում։
ՔԿ տվյալներով՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամների կողմից «Vodanet British LTD» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի կազմում ներգրավվել է առնվազն 7500 քաղաքացի։
«2018 թվականից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված քրեական հետապնդումների արդյունքում «Vodanet British LTD» ընկերության գործունեությունը կասեցվել է, իսկ նրա անվան ներքո գործող «voda.net» կայքի գործունեությունը դադարեցվել, ինչի պատճառով ֆինանսական բուրգ հանդիսացող համակարգը տարալուծվել և բաժանվել է երկու խմբավորումների միջև։ ԻԻՀ քաղաքացիների մի մասը մեկնել է Թուրքիա՝ նմանատիպ գործունեություն նախաձեռնելով նշված երկրի տարածքում, իսկ մյուսները մնացել են Հայաստանում»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Հայաստանի, ԻԻՀ և Կանադայի քաղաքացիները, հանցավոր համաձայնությամբ, Կանադայում «Vodanet British LTD»-ի փոխարեն հաշվառել են «Onyxum» անվանումով ընկերությունը, համացանցում գործարկելով համանուն «onyxum.com» կայքը և վերախմբավորել «Vodanet British LTD» անվան ներքո գործող կազմակերպված հանցավոր խմբավորման հիմնական համակարգողներին:
«Արդեն ներգրավված մարդկային ռեսուրսներին վերատիրանալու դիտավորությամբ ստանձնելով հանրորեն վտանգավոր եղանակով գործող կազմակերպության իրավահաջորդությունը՝ ՀՀ տարածքում շարունակել են նոր ներդնողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի շարունակական համալրումը»,- եզրափակել են ՔԿ-ում։