Երևան քաղաքի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի 42 մասնակցի, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Քաղաքացիներին ձերբակալել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելը, որի համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով)։
Շարժումը երրորդ օրն է՝ շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, քաղաքացիներին հավաքի էր հրավիրել Բաղրամյան պողոտա այն բանից հետո, երբ ԱԺ խորհուրդը մերժել էր կառավարության ու Փաշինյանի հրաժարականի պահանջով հունիսի 11-ին արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ընդդիմության միջնորդությունը։
Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է։ «Ազգային ճակատը» հայտնել է, որ «ոստիկանությունն սպառնում է հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել խորհրդարանի մոտ հավաքված քաղաքացիների նկատմամբ»։ «Ազգային ճակատը» տեղեկացրել է նաև, որ ԱԺ շրջակայքում և բակում զինված ջոկատայիններ են։
«Նրանք կանանց և երեխաներին հորդորում են լքել տարածքը, քանի որ հնարավոր է՝ հատուկ միջոց կիրառվի»,- նշել են «Ազգային ճակատում»։
Հավաքին զուգահեռ՝ Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ-Կառավարության հարցուպատասխանը, որին մասնակցում է նաև Փաշինյանը։ Հարցուպատասխանն ընթանում է լարված մթնոլորտում․ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակ պահելով Բաղրամյան պողոտան։