Հայաստանը շարունակում է մնալ վտանգի տակ, աշխարհասփյուռ հայերին ուղղված իր երկրորդ բաց նամակում գրել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
«Ադրբեջանը Բաքվում 2024 թվականի նոյեմբերին հյուրընկալում է COP 29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ «COP հանուն խաղաղության» անվան տակ։ Եթե Բաքվի բանտերում պահվող 23 հայ պատանդները չազատվեն, և COP 29-ին մասնակցող պատվիրակների կողմից անտեսվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ամբողջ Հայաստանը զավթելու, իր աշխարհաքաղաքական նկրտումները բարձրացնելու հզոր հարթակ կտրվի»,- ասել է նա։
Օկամպոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ֆոնին հստակություն չկա, թե ինչպես կարող է 2023 թվականին ցեղասպանության զոհ դարձած Արցախի ժողովուրդն ապահով վերադառնալ իր նախնիների հողը։
«Եթե հայ պատանդները չազատվեն, և COP 29-ին մասնակցող պատվիրակների կողմից անտեսվի ԼՂ հակամարտությունը, նման սցենարը ոչ միայն կժխտի ԼՂ ցեղասպանությունը և պատանդներին կդատապարտի երկարամյա բանտարկության, այլև ամբողջ համայնքին կթողնի որպես անցյալի մոռացված մասունք, և դա կմեծացնի վտանգը հենց Հայաստանի համար»,- շեշտել է Օկամպոն։
Նա հայերին կոչ է արել պահանջելով վերադարձնել Բաքվում բանտարկված հայ պատանդներին և ընդլայնել իր առաջարկած շարժման մասշտաբները։
«Հիմա ժամանակն է ընդլայնելու շարժումը և կապելու այն ամբողջ աշխարհում որոշում կայացնողների հետ: Ալիևի զոհերը միայն հայերը չեն։ Նա ազդում է շրջակա միջավայրի, ադրբեջանցի քաղաքացիների և նույնիսկ եվրոպացի պատգամավորների վրա: Ադրբեջանը, որ հարստացել է հանածո վառելիքով, առաջատար դիրք է գրավում կլիման վատթարացնող գործոններում: Ադրբեջանը ճնշում է լրագրողներին, ակադեմիկոսներին, իր սահմաններում ցանկացած այլախոհի։ Ընդամենը մի քանի օր առաջ արգելել է 26 երկրի 76 եվրոպացի պատգամավորների մուտքն Ադրբեջան՝ իր կոռուպցիան բացահայտելու վախից դրդված»,- հիշեցրել է նա։
Հուլիսի 23-ին Օկամպոն հայերին ուղղված իր առաջին նամակում Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա, որոնց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ՝ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։
Սեպտեմբերի 5-ին Free Armenian Hostages նախաձեռնությունը հայտնել էր, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկելու նպատակով Օկամպոն սեպտեմբերի 13-ին կժամանի Հայաստան։