Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ադրանիկ Քոչարյանը 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի կրկնության մտավախություն ունի։ Քոչարյանն այդ մասին լրագրողներին ասել է «Եռաբլուր» պանթեոնում՝ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության 25-րդ տարելիցին։
«Իհարկե, մտավախություն ունեմ։ Վերջերս Ազգային անվտանգության ծառայությունը մի խումբ բացահայտեց»,- նշել է Քոչարյանը՝ նկատի ունենալով սեպտեմբերին ԱԱԾ-ի՝ իշխանության գործունեությունը կազմալուծելու նպատակով ահակբեկչության նախապատրաստության դեպքի բացահայտումը։
Քոչարյանը բավարար չի համարել «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։
«25-րդ տարելիցին բազմաթիվ հարցերի պատասխաններ էի ակնկալում։ «Հոկտեմբերի 27»-ի քննչական խմբի թողած ժառանգությունը տալիս էր այդ հնարավորությունը։ Պատահական չէ, որ նախկինում իշխանություններն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցրին և դատավարությունը մկրատով կտրեցին»,- հավելել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ կան առանցքային վկաներ, որոնց տեղն անհայտ է։
«Կան առանցքային վկաներ, որոնց մի մասն անհասկանալի պատճառներով մահացան, բայց կան շատ մարդիկ, ովքեր շարունակում են գործի բացահայտման բանալի մնալ։ Ո՞ւր է անհետացել Արթուր Ուզունյանը («Հոկտեմբերի 27-ի» գործով դատավոր-խմբ․), ո՞ւր է Ալիկ Հարությունյանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, որևէ մեկը լսե՞լ է այդ մարդու մասին։ 25-րդ տարելիցն առանց բացահայտման ենք նշում, ինչը վատ է։ Բացահայտման համար հարուստ ժառանգություն կա, թող բարի լինեն՝ կարդան ու տեսնեն, թե տողատակերում ինչ է գրված»,- եզրափակել է պատգամավորը։
Դատախազությունն ահաբեկչության 25-րդ տարելիցին հայտնել էր գործի մանրամասները՝ տեղեկացնելով, որ վարույթի քննությունը վերսկսելուց հետո՝ 2019-2024 թվականներին, հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, այդ թվում՝ ահաբեկչական խմբի ղեկավար, ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը։
2024-ի օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել էր Կնյազյանը։ Armenia Today-ին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ նրա ինքնազգացողությունը վատթարացել էր, որից հետո շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել էր նրա կենսաբանական մահը։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչության հետևանքով զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, որոնց թվում հիմնականում պատգամավորներ էին։ Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել էր 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Վեց դատապարտյալ, այդ թվում` նրանց ղեկավար Հունանյանը, վերջինիս եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Բեջանյանը, Գրիգորյանը և Կնյազյանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Գործով մեղադրյալ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: