Ոչ մի համայնք մյուսին չի միավորվում, այլ ձևավորվում են նոր համայնքներ։ Armenia Today-ի հետ զրույցում համայնքների խոշորացման վերաբերյալ նման տեսակետ հայտնեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։
Երբ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում ևս տեղի է ունենալու խոշորացում, մի շարք համայնքներ՝ Կարբի, Ուշի, Օհանավան, ընդվզեցին։ Այս համայնքների բնակիչները ճանապարհ փակեցին՝ այս կերպ իրենց բողոքի ձայնն արտահայտելով համայնքների խոշորացման դեմ։
Արագածոտնի մարզպետը հանդիպել է խոշորացման ծրագրից դժգոհող բնակիչներին։ Նրա խոսքով՝ բնակիչներ կային, որոնք ոչ թե խոշորացմանն են դեմ, այլև ունեին մի շարք հարցեր, որոնց պատասխանները չէին տրվել։
«Բողոքող բնակիչները համայնքների միավորման այլ մոդելի պատկերացում ունեին։ Ես և ԱԺ պատգամավորները հանդիպել ենք նրանց հետ, բոլոր հարցերին տրվել են պատասխաններ։ Կարելի է ասել, որ մենք իրար հասկացանք»,- մանրամասնեց նա։
Դավիթ Գևորգյանի կարծիքով՝ համայնքների խոշորացման դրական արդյունքներն ակնհայտ են։
Նա վստահեցնում է՝ կյանքն արդեն ապացուցել է, որ միավորված համայնքների գործունեությունը մի քանի անգամ արդյունավետ է։
Դիտարկմանը, թե արդեն իսկ խոշորացված մի շարք համայնքների բնակիչներ դժգոհ են արդյունքներից, իսկ որոշ փորձագետներն էլ նշում են, որ ծրագրով միայն կոսմետիկ փոփոխություններ են արվում, խնդիրները մնում են չլուծված։ Արագածոտնի մարզպետն արձագանքեց, որ սուբվենցիոն ծրագրերում խոշորացված համայնքների տեսակարար կշիռը մի քանի անգամ ավելի է։
«Խոշորացման ծրագրի կյանքի կոչվելուց հետո կտեսնենք, որ սուբվենցիոն ծրագրերի մասով ինչ աճ կգրանցվի Արագածոտնի մարզում։ Սուբվենցիոն ծրագրերն իրենցից ներկայացնում են համայնքային առաջնային խնդիրների լուծում։ Մենք անընդհատ համայնքներ ենք այցելում և տեսնում, որ կան 30 տարվա չլուծված խնդիրներ։ Այդ համայնքի բյուջեն և պետության կողմից տրամադրված դոտացիան այնքան քիչ գումար է կազմում, որ համայնքը հազիվ կարողանում է համայնքապետարանի գործունեությունն ապահովել։ Համայնքների խոշորացումն իրենից ենթադրում է կառավարման մոդելի փոփոխություն»,- նշեց նա։
Դավիթ Գևորգյանի պնդմամբ՝ համայնքների խոշորացումը չի արվում քաղաքական նպատակներով։ Նրա համար անհասկանալի է, թե ինչու է խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում, թե խոշորացումը անցանկալի համայնքապետերից ազատվելու միջոց է։ Հիշեցնում է՝ համայնքների խոշորացման ծրագրի մեկնարկը նախորդ իշխանություններն են տվել։
«Այս գործընթացն սկսվել է խորհրդարանական խմբակցության մաս կազմող ամենահայտնի ուժերից մեկի կողմից։ Չեմ կարող ասել, թե այն ժամանակ իրենք ինչ տրամաբանությամբ են սկսել ծրագիրը։ Մենք որոշակի փոփոխություններով այս գործընթացը շարունակում ենք, բայց ոչ այդ տրամաբանությամբ։ Համայնքների խոշորացման տրամաբանությունում անցանկալի համայնքապետերից ազատվելը չէ։
Մենք որևէ համայնքապետից ազատվելու խնդիր չունենք։ Ի վերջո, համայնքապետին ընտրում է բնակչությունը»,- եզրափակեց մարզպետը։
Մանրամասները՝ տեսանյութում։