Բաքուն Անկարայի աջակցությամբ ամեն կերպ ճնշում կգործադրի հայերի վրա՝ ստիպելով գնալ բոլոր հնարավոր զիջումների։ Այս մասին հունվարի 21-ին REGNUM լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Կովկասի հարցերով ռուս փորձագետ Ալեքսանդր Կռիլովը։
«Տարածաշրջանում ամեն ինչ ընթանում է հենց այն հունով, որ ադրբեջանական ղեկավարությունը հույս ունի այս կամ այն կերպ ճնշել Հայաստանին և, ի վերջո, ռազմական վերահսկողություն սահմանել Ղարաբաղի տարածքի նկատմամբ, այնտեղ վերադարձնել ադրբեջանական բնակչությանը։ Այստեղ նույնիսկ ոչ այնքան բնակչության շահերն են, որքան ռազմավարական շահերը։ Թուրքիան նույնպես խիստ շահագրգռված է, որպեսզի Բաքուն զորքեր մտցնի այդ տարածք և այնտեղ իր լիակատար վերահսկողությունը սահմանի»,- ասել է փորձագետը։
Կրիլովի կարծիքով` Անկարան և Բաքուն ձգտում են դուրս բերել ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից:
«Թուրքիան և Ադրբեջանը Ղարաբաղյան պատերազմից հետո հետևողականորեն Հայաստանի նկատմամբ վարում են այնպիսի քաղաքականություն, որի նպատակն է իր ռազմական հաղթանակը հասցնել այն կետին, որ Ղարաբաղը պետք է անցնի ադրբեջանական կառավարության լիակատար վերահսկողության տակ և այնտեղից պետք է դուրս բերվեն ռուսական խաղաղապահ ուժերը։ Առայժմ դա անհնար է»,- ասել է նա՝ հավելելով, որ Բաքուն և Անկարան բոլոր հնարավոր միջոցներով ճնշում կգործադրեն Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպեն նրան դուրս բերել խաղաղապահներին տարածաշրջանից։