Ռուսաստանի քաղաքականությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններից, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կլոր սեղանի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Երբ մենք լսում ենք, որ Ռուսաստանը գործելու է այն բանից ելնելով, թե ինչպես են պայմանավորվել Հայաստանը և Ադրբեջանը, սա բացահայտ արտահայտություն է այն բանի, որ Ռուսաստանը չունի քաղաքականություն և չի պլանավորում քաղաքականություն կառուցել Հարավային Կովկասում»,- կարծում է քաղաքագետը։
Միքայելյանի խոսքով, թեև Ռուսաստանը փորձում է նվազեցնել Թուրքիայի հետ ռազմական բախման ռիսկերը, Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու Անկարայի քաղաքականությունը չի փոխվում։
Հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի ստորագրման գործընթացը քաղաքագետն անվանել է «ռազմա-դիվանագիտական մղում Հայաստանի համար»։ Նա ընդգծել է Հայաստանի «ապագա կապիտուլյացիայի միջնորդը» լինելու Ռուսաստանի և Արևմուտքի ցանկությունը և նշել, որ «այս գործընթացում Հայաստանը կորցնելու և կորցնել շարունակելու կողմն է»։
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում ասել է, որ Մոսկվան դիվանագիտական ուղիներով դեմարշ է արել Ռուսաստանի նոր շրջաններում ընտրությունները չճանաչելու մասին Բաքվի հայտարարությունների պատճառով։
Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից կազմակերպված ընտրությունները Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասում չեն կարող ունենալ իրավական ուժ։