ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ոստիկանների՝ հունիսի 12-ի գործողությունները քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն ընդդիմության պարտքն է համարում։ Armenia Today-ին նա այսպես է մեկնաբանել հուլիսի 23-ի իր հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմությունը պատրաստվում է ոստիկանության գործողությունները քննող հանձնաժողով ստեղծելու նախագիծ ներկայացնել։
Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքն ավարտվել էր բախումներով։ Շարժման ներկայացուցիչները ոստիկանությանը մեղադրել էին Պռոշյան փողոցում իրենց կողմնակիցներին բերման ենթարկելու սադրանքի համար, և պահանջել բացել ԱԺ շենքի մուտքը: Դրանից հետո իրավիճակը սրվել էր, ոստիկանությունը մահակներ, հատուկ միջոցներ էր կիրառել։
«Այս գործիքը պետք է կիրառվի՝ հաշվի առնելով այն հրեշավոր գործողությունները, որոնք խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվել են հունիսի 12-ին»,- նշել է Մամիջանյանը։
Մամիջանյանն անտեղի է համարում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի և նախատեսվող հանձնաժողովի համեմատությունը։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմությունը չի մասնակցում։ Ընդդիմությունը հայտարարել էր, որ այն «իշխանության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմեղության բեմադրությանն է լծված լինելու»։
«Համեմատությունները տեղին չեն, որովհետև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է Փաշինյանին մաքրազերծելու համար, և մենք տեսնում ենք, որ հենց դրանով էլ զբաղվում են։ Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ քննիչ հանձնաժողովներն ընդդիմության գործիքն են։ Իշխանությունների կողմից նման հանձնաժողովներ ստեղծելն ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է»,- ընդգծել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Մեկնաբանելով հունիսի 12-ին իրավապահների գործողությունների օրինականության մասին իշխանությունների պնդումները՝ Մամիջանյանը նշել է, որ պարզ է նման դիրքորոշումը։
«Պարզ է, որ իշխանությունները դա են ասելու։ Իշխանություններն իրենց աթոռները պահպանելու համար պատրաստ են ամեն ինչի՝ նույնիսկ սեփական ժողովրդի արյունը թափելուն, սեփական ժողովրդի վրա կրակելուն։ Այնպես որ, իրենց ասածներն ինձ այդքան էլ չեն հետաքրքրում»,- եզրափակել է Մամիջանյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։