1․ «Ժողովուրդ» թերթը գրում , որ2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած միջադեպը մարդկանց կյանքեր խլեց։ Լրացել է աղմկահարույց միջադեպի 1 ամիսը, և «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախաքննական մարմինը գործով հայտնվել է փակուղու առաջ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը: Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել:
Այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որից 25-ը՝ «Գավառ» բժշկական կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաև սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից երկու և ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Արման Թամրազյանի հետ, որը ներկայացրել է, թե ինչ է եղել այդ օրը, և ինչպես են ծակել Դավիթ Հայթյանի պարանոցը ու սիրտը, ու ինչպես է բժիշկը թել ու ասեղով կարել սիրտը. «Ես՝ որպես փաստաբան, մասնակցել եմ իր հարցաքննությանը, միջնորդություն եմ ներկայացրել, որ իրեն տուժող ճանաչեն, քննչական մարմինն առանց որևէ հիմքի միջնորդության լուծումը հետաձգել է: Դավիթ Հայթյանը այդ դեպքի, կրակոցների հետ որևիցե առնչություն չի ունեցել. ցուցմունքներով էլ հաստատված է, որ Դավիթ Հայթյանն այդ պահին եղել է իր անասնաֆերմայում:
Իր հորեղբոր տղան՝ Արմենը, զանգել, ասել է՝ շտապ արի հիվանդանոց, այս մարդն էլ իր գործերը թողել, գոմի շորերով նստել է մեքենան և եկել հիվանդանոց: Եկել, տեսել է՝ հիվանդանոցի մոտ հավաքված են, մտել է, որ տեսնի հորեղբոր տղային, առաջին հարկում՝ վերելակի մոտ է հանդիպել»:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր տեսակապով կլսի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով Ռուսաստանում է բնակվում և դեսպանատան միջոցով համաձայնություն է տվել պատասխանել հարցերին: Հանձնաժողովին հետաքրքրում է մեկ հարց՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ով մերժել է հանձնաժողովի հրավերը, 2016-ի պատերազմական օրերին ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում։
Հնարավոր է՝ սրանով ավարտվի քննիչ հանձնաժողովի աշխատանքը, ապա հանձնաժողովականները կմեկնեն Արցախ, որտեղ կհանդիպեն ներկա և նախկին պաշտոնյաների հետ։ Բակո Սահակյանին էլ այլևս նպատակահարմար չեն համարում հրավիրել։ Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, բայց հաշվետվությունը կներկայացնեն աշնանը։
3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Վլադիմիր Վարդանյանը, Համազասպ Դանիելյանը, Արթուր Դավթյանը և ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել են օրենսդրական փաթեթ, որը պետք է քննարկվի մայիսի 26-ին մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանում:
Եվ հետաքրքիր է, որ պատգամավորներն առաջարկում են ավելացնել Ազգային ժողովի հաստիքների թիվը: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում և ավելացնել այնպիսի հաստիքներ, ինչպիսին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականն է և ԱԺ խմբակցության խորհրդականը:
Եվ ստացվում է, որ հաստիքների թիվը կարող է ավելանալ 15-ով, քանի որ խորհրդարանում կա 12 մշտական հանձնաժողով և երեք խմբակցություն: Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է վեց գործակցով, և նա կստանա 390 հազար աշխատավարձ (բազային աշխատավարձը 66 հազար 400 է):
4․ «Իրավունք» թերթը գրում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Աարայիկ Հարությունյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում, բայց այս անգամ ոչ թե ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ, այլ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում` հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, կոալիցիա է ձևավորվել ընդդեմ Արայիկ Հարությունյանի: Այդ թվում` բավականին ակտիվ է նաև Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, քայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որին այս հարցում սատարում են սպորտի ոլորտի հայտնի մարզիկներ:
Եվ թեպետ անելանելի վիճակում է հայտնվել Ա. Հարությունյանը և ինչ-որ առումով ճամպրուկային տրամադրություն ունի, սակայն իշխանության վերին օղակներում չեն շտապում նրան փոխարինել օրենսդիրից որևէ մեկով:
Կոնսենսուսի բացակայությունը կարող է պատճառ դառնալ, որ Վենետիկը մերժի, դրա համար կենտրոնացումը կրկին «Լուսավոր Հայաստանի» վրա է, համենայնդեպս, ԱԺ նիստերին չմասնակցող ԼՀ-ն վերջնական որոշում կայացրեց` հօգուտ պառլամենտ վերադառնալու, ինչը չի բացառում գորգի տակ որոշակի պայմանավորվածություններ։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա թերթի խորհրդարանական աղբյուրի պնդմամբ, ԲՀԿ-ի պայմանը Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցը փոխելու կոմպրոմիսն է: Դա է պատճառը, որ օրինագծի քվեարկությունը հետաձգվեց մեկ շաբաթով։
6․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Ըստ թերթի տեղեկությունների՝ պարզվել է, որ այդ կազմից դուրս են մնացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:
8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ խորհրդարանը միաձայն ընդունեց համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնելու մասին օրենքների փաթեթը․ խոսքը 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների, ասել է թե՝ մեծ քաղաքների մասին է։
Թերթի տեղեկություններով՝ Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել, որից հետո նա հապշտապ արձակուրդ է վերցրել՝ անելիքները հասկանալու համար։ Գործող համայնքապետերից ազատվելուց հետո կհայտարարվեն նոր ընտրություններ, և համամասնական ընտրակարգով հնարավոր կլինի ՏԻՄ-երում իշխանություն վերցնել ու դիրքավորվել գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։
Բանն այն է, որ համամասնական ընտրակարգի պարագայում ժողովուրդն ընտրություն է կատարելու ոչ թե անհատ թեկնածուների, այլ քաղաքական ուժերի միջև, և այստեղ գործի կդրվի կրկին սև-սպիտակի բաժանումը։
9․ «Ժողովուրդ» թերթը գրում է՝ լուրեր են պտտվում, որ Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ Ռազմական ոստիկանապետի գործողությունները ոստիկանությունում մեծ դժգոհություների տեղիք են տալիս: ՌՈ Պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանն ազատվում է Ռազմական ոստիկանության հին կադրերից և ՌՈ է ընդունում նոր կադրեր, և այդ նոր անձանց, ըստ լուրերի, հենց այնպես չեն ընդունում աշխատանքի, այլ կլորիկ գումարի դիմաց են դա անում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ՊՆ լրատվական բաժին, ինչին ի պատասխան՝ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ գնդապետ Աղաջանյանը պաշտոնավարման ընթացքում ՌՈ-ից ոչ մեկին չի հեռացրել, սակայն ժողովների ընթացքում հայտարարել է, որ եթե սահմանված պահանջների կատարման ընթացքում թերացողներ լինեն, օրենքով սահմանված կարգով տույժ կկիրառվի, կարծում եմ` նման մեղադրանքները ճնշում գործադրելու փորձեր են ՌՈ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի վրա, իսկ եթե փաստեր կան, թող հաղորդում տան։
10․ «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները։ Մասնավորաբար, մթերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում նախատեսվում է շրջակա միջավայրի նախարարությունում ներկառուցվածքային փոփոխություններ իրականացնել։
Ավելի կոնկրետ՝ այդ փոփոխությունների անվան տակ իշխանությունները նպատակ ունեն ազատվել նախարարության անցանկալի աշխատակիցներից։
Խոսքը գլխավորապես այն աշխատակիցների մասին է, որոնք ունեն կուսակցական պատկանելություն (հատկապես ՀՅԴև ՀՀԿ) և նախարարությունում աշխատում են երկար տարիներ։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ այդ փոփոխությունների համակարգողը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից մեկը:
Ի դեպ, հենց նրա կողմից է կոնկրետ վերահսկվում կադրային զտման քաղաքականությունը փաստացի բոլոր գերատեսչություններում, իսկ շրջակա միջավայրի նախարարությունում՝ առավել ևս, քանի որ այս կառույցն արդեն տևական ժամանակ ղեկավար չունի։