Օրեր առաջ լուրեր էին տարածվել այն մասին, որ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Մարտիրոսյանը հերքեց տեղեկությունները. «Ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այստեղ չէի լինի»:
Աշխատանքն, իր խոսքով, նորմալ է ընթանում՝ հաշվի առնելով այն անսովոր պայմանները, որում այսօր գտնվում է երկիրը:
Հարցին, թե ինչպես են աշխատում ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ, Մարտիրոսյանը ասել է՝ շատ լավ. «Նա չի եղել կառույցում, սակայն պրոֆեսիոնալ է և երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է ՊՎԾ-ն: Ոչ մի խնդիր չկա»,-ասաց Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի պայմաններում ԱԱԾ-ի վրա դրված խնդիրներին, Մարտիրոսյանը նշեց, որ խնդիրը բոլորինն է՝ թե՛ հասարակությանը, թե՛ ուժային կառույցներինը:
ԱԱԾ տնօրենը նկատեց, որ պարետատան ցուցումները հավուր պատշաճի կատարելու համար ոստիկանության ուժերը չեն բավականացնում, և պետությունը ստիպված է դիմել ԱԱԾ-ի օգնությանը:
Լրագրողները հետաքրքրվեցին Մարտիրոսյանից Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գտվելու վայրի մասին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ երբ որ հստակ տեղեկություն ունենան, կհաղորդեն: