Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Նիստին մասնակցել են նաև ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները քննարկել են 2020 թ. համար վերջնաժամկետ սահմանված արդարադատության և տրանսպորտի ոլորտներում միջոցառումների կատարման ընթացքը: Զեկույցով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Փոխվարչապետը նշելով, որ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզը բարեփոխումների համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, հանձնարարել է հետևել սահմանված ժամկետներին և ապահովել միջոցառումների արդյունավետ և ժամանակին կատարումը:
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ քննարկում 2020 թ. համար վերջնաժամկետ սահմանված դեռևս չքննարկված միջոցառումների շուրջ, մասնավորապես՝ շրջակա միջավայրի ոլորտում: